Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

Իրականացում
"Երեխան պետք է ապրի ընտանիքում"

2011 թ. հունվարից “Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան” սկսել է իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) “Երեխան պետք է ապրի ընտանիքում” ծրագրի տեղեկատվական-հաղորդակցական արշավը: Արշավը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների` մասնավորապես, հաստատությունների բեռնաթափման ռազմավարության իրականացման գործում, հասարակության մեջ արմատավորել այն դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու և դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է և որ որևէ դեպքում և պատճառաբանությամբ չպետք է երեխային հանձնել մանկատուն: Արշավի ընթացքում կիրականացվեն մի շարք գործողություններ: Մասնավորապես կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, քաղաքական, մշակութային գործիչների հետ: Կպատրաստվեն և եթեր կհեռարձակվեն սոցիալական գովազդներ և փաստագրական ֆիլմեր, անց կկացվեն համերգներ Հայաստանի տարբեր մարզերում UNICEF-ի մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված փորձագետները կմասնակցեն առցանց ֆորումներում ծավալվող քննարկումների, հեռուստատեսային հարցազրույցների և այլն: Կպատրաստվի ռադիոհաղորդում և այլն: Ծրագիրն իրականացվելու է լրատվամիջոցների հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունն է 1 տարի:


Սկսած 2005թվ-ից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել երեխայի հիմնահարցերի վերաբերյալ ինչպես հասարակության առանձին խմբերի, այնպես էլ հենց իրենց`երեխաների իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն: Բազմիցս կազմակերպվել են հանդիպումներ և սեմինար-քննարկումներ` տպագիր մամուլի, էլեկտրոնային, հեռուստալրագրողների համար, և ստացվել են դրական արձագանքներ և նոր մտահղացումներ:

2008թվ-ին, հիմնվելով նախորդ տարիների փորձի վրա, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան շարունակում են ակտիվ համագործակցությունը և իրականացնում «Երեխաների իրավունքները նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավ:
Ծրագիրը նախատեսված է հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Այն ունի երկու բաղադրիչ`
  • «Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութ» թեմայով մրցույթ`ԶԼՄ ներկայացուցիչների համար և
  • Երեխաների իրավունքներին նվիրված դասաժամի սցենարների մրցույթ` հանրակրթական դպրոցի ուսուցիչների համար: Առաջին անգամ ուսուցիչների ներգրավումը ծրագրին պայմանավորված է այն հսկայական դերով, որ ունեն նրանք երեխաների կրթության, դաստիարակության և իրենց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման գործում: Արշավի հիմնական նպատակներն են`
  • Նպաստել երեխաների դերի բարձրացմանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում
  • ԶԼՄ-ների միջոցով (հեռուստատեսություն, ինտերնետ, տպագրություն, ռադիո) բարձրացնել հանրային իրազեկվածության աստիճանը երեխաների հիմնախնդիրների վերաբերյալ
  • Խորացնել երեխաների մոտ իրենց իսկ իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ գիտելիքները
  • Ակտիվացնել աշակերտի` հասարակությանը պիտանի քաղաքացի լինելու զգացողությունը