Ո՞մ համար են ստեղծագործում երեխաները
06.06.2007
Panorama.am-«Իմ իրավունքը» թերթ -Մեր այս հրապարակումը ցանկանում էինք նվիրել երեխաներին` Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, սակայն դա առիթ դարձավ, որպեսզի անդրադառնանք նրանց իրավունքներին ու դրանց պաշտպանությանը, ավելի ճիշտ` չպաշտպանվածությանը: Եվ ահա թե ինչ ստացվեց: Փորձեցինք կապ հաստատել երեխաների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, իսկ դրանք ասեմ, որ շատ- շատ են, բոլոր դեպքերում գրանցվածների թիվը խոսուն էր: Մեր հեռախոսազանգերին` աշխատանքային օրվա աշխատանքային ժամերին, այդպես էլ ոչ մեկ չպատասխանեց: Ինչևէ, մի պահ պատկերացնենք, թե «հարգելի պատճառներով» շատերը միաժամանակ տեղում չէին: Բայց հարցը ոչ թե նրանց գործունեության, այլ երեխաների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում: Քանդեցինք կծիկը և թելը մեզ տարավ երեխաների ծնողների հետ զրուցելու: Զրուցակիցներիցս մեկը, ով չցանկացավ ներկայանալ, քիչ ավելի ուշ կասեմ, թե ինչու, պատմեց, որ իր 11- ամյա երեխան նկարչության դասերի է հաճախում: Երեխայի աշխատանքները մշտապես արժանանում են գովասանքների և բարձր գնահատականի, սակայն այդ աշխատանքները մնում են հաստատությունում` անհայտ ճակատագրով: Հարց է առաջանում, ինչո՞ւ, ի՞նչ է լինում երեխաների աշխատանքների հետ:
Թեմայով հետաքրքրվեցինք և զրուցակցի օգնությամբ ընդլայնվեց բողոքող ծնողների շարքը: Նրանք կարծում են, որ մանկապատանեկան կենտրոններում խախտվում են իրենց երեխաների իրավունքները: Ծնողները մի կողմից ուրախ են, որ երեխաները հաճախում են նման կենտրոններ` սովորում նկարել, ձեռագործ, փայտամշակում և այլն, մյուս կողմից` երեխաների ձեռքի աշխատանքներն իրենց չեն պատկանում: Ծնողներից մեկը նույնիսկ ակնարկեց, թե հնարավոր է, որ այդ աշխատանքները վաճառում են` խախտելով երեխաների հեղինակային իրավունքները: Այսինքն, եթե նկատեցիք, խոսքն այստեղ վերաբերում է երեխաների ստվերային զբաղվածությանը: Այս մարդիկ չեն ցանականում ներկայանալ, քանի որ իրենց երեխաները դեռ սովորում են այդ կենտրոններում:
Թե ի՞նչ պայմաններով ու հիմունքներով են կենտրոններն առաջնորդվում, ընդունելություն կազմակերպում և նման հարցեր պարզելու համար դիմեցինք նաև մանկապատանեկան մի քանի կենտրոններ: «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի նախագահ Ռուզաննա Բաղդասարյանը ևս` կոնկրետ անուններ չտալով, չի բացառում, որ կենտրոններում հնարավոր է, որ խախտվում են երեխաների իրավունքները: Ինչ վերաբերում է իրենց, ապա Ռ. Բաղդասարյանն ասում է, որ «Մանանա»-ան հասարակական հիմունքներով գործող կառույց է, որևէ պայմանագիր սաների հետ չի կնքվում, կենտրոն հաճախում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել: Միակ պարտադիր պայմանն այն է, որ «Մանանա»-ի սաները զուգահեռ այլ հաստատություններ չեն կարող հաճախել: Դա արվում է ապահովության համար, որպեսզի երեխաները կենտրոնի գաղափարները դուրս չհանեն:Սա կենտրոնի հեղինակային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, իսկ ի՞նչ է արվում սաների իրավունքների պաշտպանության համար. «Որևէ ձևով երեխաների իրավունքները չեն կարող ոտնահարվել, քանի որ նրանց բոլոր ստեղծագործությունները ստորագրվում են հենց իրենց անուներով, լինեն դրանք լուսանկարներ, ֆիլմեր, գրվածքներ»:
Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք միայն հեղինակի անունն է հնչում, կենտրոնի ղեկավարը պատասխանեց. «սաների անուն ազգանունը և հաստատությունը, օրինակ` Պողոս Պողոսյան, «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոն»: Ըստ կենտրոնի նախագահի որպեսզի չոտնահարեն երեխաների շահերը, մինչ օրս իրենք առաջնորդվում են ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագրի համաձայն: Այնուամենայնիվ, այստեղ ևս որոշակի խոչընդոտների հանդիպում են: Ռ. Բաղդասարյանն ասում է, որ օրենսդրության բաց կա. «Այստեղ հիմնականում ինտելեկտուալ աշխատանք է ստեղծվում և բնականաբար, բախվում ենք երեխաների իրավունքների պաշտպանության հետ: Եթե երեխան, ասենք նկարել է, ուրեմն հեղինակային իրավունքն իրենն է, բայց այդ նկարի գաղափարն ու նյութերը կենտրոնինն են, ինչպե՞ս վարվել այս դեպքում»: «Մանանա»-ի սաների աշխատանքը մնում է կենտրոնում և համարվում է համատեղ ստեղծված: Իսկ կենտրոնից դուրս, թե ինչ աշխատանքներ կստեղծեն երեխաները, դա արդեն իրենց սեփականն է: «Իրականում սա շատ ցավոտ հարց է, շատ դեպքերում չենք իմանում, ինչպես վարվել»-, մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի նախագահը. «Առայժմ կենտրոնի կողմից նկարահանված ֆիլմերն ու այլ աշխատանքներն անվճար են տրամադրվում արտասահմանյան հեռուստաընկերություներին, որոնք ցանկանում են հեռարձակել մեր աշխատանքները, բայց հետագայում, եթե ուզենանք վաճառել, ոն՞ց պետք է անենք, ի՞նչ սկզբունքում, հարցի պատասխանը չգիտենք, բայց արդեն վստահ ենք, որ երբ պահը գա խնդիր ունենալու ենք: Հայաստանում ոլորտը կարգավորված չէ»:
«Մանանա»-ում նույնիսկ մտածել են երեխաների իրավունքների պաշտպանի հաստատություն ստեղծելու մասին, սակայն իրականություն այդպես էլ չեն կարողացել դարձնել:
Նման աշխատանքերով երեխաները զբաղվում են նաև Հայորդաց տներում: Ի՞նչ սկզբունքներով ու պայմաններով, այս նույն հարցով դիմեցինք նաև Հայորդաց տներ: Երեխաներն այստեղ ևս զբաղվում են նկարչությամբ, քանադակագործությամբ, ասեղնագործությամբ, կերպարվեստով և այլ: Մեզ հետ զրույցում կենտրոնների ներկայացուցիչները վստահեցնում էին, որ առավելագույնն են անում երեխաների շահերի պաշտպանության առումով: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայակական բարեգործական ընդհանուր միության «Մալաթիա»-ի Հայորդաց տան ուսումնական գծով փոխտնօրեն Գայանե Սարգսյանն ասաց.«Քանի որ նյութերը երեխաներին մենք ենք տրամադրում, աշխատանքներն էլ ուսուցողական բնույթ ունեն, մի խոսքով մեծ ներդրում ենք ունենում, մենք չենք կարող աշխատանքները թողնել երեխաներին, բացի այդ հսկայական աշխատանք է կատարում նաև մանկավարժը, իսկ ընդհանուր առմամբ` նայած աշխատանք: Երեխայի ցանկությամբ նաև նվիրատվություններ ենք անում»:
Նկարչական ստուդիաների ներկայացուցիչների հետ կապ հաստատելու մեր ջանքերն ապարդյուն անցան, ըստ նրանց պատճառաբանությունների, քննական շրջան է և զբաղված են ցուցահանդեսներով: Առայժմ մեզ համար դժվար է ասել` նրանք խուսափում են թեմայից, թե իսկապես զբաղվածությունն է պատճառը: Վերջինների հետ հարցազրույցները, թերևս կհրապարկենք հետագայում:
Ներկայացրեցինք մեր կատարած ուսումնասիրությունների հակիրճ բովանդակությունը, որն արդեն իսկ հնարավորություն տալիս է պատկերացում կազմել դաշտում տիրող իրավիճակի մասին: Նույնիսկ այն կենտրոնների ղեկավարները, որոնք մեզ վստահեցնում էին, որ իրենց մոտ խնդիրներ չեն առաջանում, զրույցի ժամանակ հանգում էին եզրակացության, որ այնուամենայնիվ, ոլորտում բաց կա: Օրինակ միայն այն, թե ու՞մ են պատկանում հեղինակային իրավունքները, երբ աշխատանքը կատարվել է երեխայի կողմից, բայց գաղափարն ու միջոցները պատկանում են կենտրոնների մասնագետներին կամ իրենց ֆինանսական միջոցներով է իրականացվել:
Ինչպիսին էլ, որ լինեն պատճառները` օրենսդրական, ֆինանսական, թե մարդկային, մի բան ակնհայտ է` ստեղծագործող երեխաների իրավունքնեը մեր երկրում խախտվում են:
Վերադառնալ
