ՀԿ-ն փորձում է երեխաներին մանկատան փոխարեն դպրոց ուղարկել
08.17.2007
ArmeniaNow -Գյումրիի «Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցում է սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրներ ունեցող երեխաներին:Կենտրոնը նախկինում գործել է Շիրակ միջազգային միության կառույցի կազմում, իսկ 2004-ին ստացել է ինքնուրույն կառույցի կարգավիճակ: ՀԿ-ն համագործակցում է կառավարության և հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Բացի այդ, իրականացնում է երեխաների սոցիալական պաշտպանության հետ կապված բազմաթիվ ծրագրեր ՄԱԿ-ի, գերմանական Կարմիր խաչի և այլ կազմակերպությունների հետ:
Կենտրոնը նաև իրականացնում է հետազոտական ծրագրեր, որոնց միջոցով հայտնաբերում և օգնում են առավել կարիքավոր երեխաներին:
Առաջնահերթությունը տրվում է կրթական խնդիրներին և այն երեխաներին, որոնք, սոցիալական կարիքներ ունենալով, դուրս են մնացել դպրոցից:
«Գյումրին փոքր քաղաք է: Թաղ առ թաղ կատարված հետազոտությունները` հիմնականում խոցելի թաղամասերում, 2002-ին բացահայտեցին մոտ 40 դպրոց չհաճախող երեխաներ, որոնց տեղավորեցինք դպրոցներում»,- պատմում է կենտրոնի նախագահ Գեղանուշ Մինասյանը:
Մինասյանն ասում է, որ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են ընտանիքներ, որոնց երեխաներն ընդհանրապես դպրոց չեն հաճախել:
«Պատճառը ոչ միայն սոցիալական ծանր վիճակն է, այլև ծնողների անտարբերությունը»,- ասում է նա:
Գյումրիում և շրջակա գյուղերում նման դեպքերը շատ են: Ախուրյանում բնակվող Գրիգորյանների ընտանիքի 5 երեխաներն ընդհանրապես դպրոց չեն հաճախել: Նրանց ավագ որդին 20 տարեկան է, սակայն բանակ չի զորակոչվել, ինչպես իրենք են ասում, անգրագիտության պատճառով:
«Փաստորեն, բանակը չի ընդունում անգրագետներին: Այս ընտանիքի երեխաներից երկուսին տեղավորեցինք դպրոցում»,- ասում է Մինասյանը:
Կենտրոնում գրանցված են շուրջ 150 երեխաներ, որոնք մշտական հոգածության ու խնամքի տակ են: Հոգեբանական ու մանկավարժական աշխատանքները սկսվում են ընտանիքից: Կան ընտանիքներ, որոնք կենտրոնի աջակցությամբ կարողանում են ինքնուրույն հոգալ երեխաների խնդիրները:
Սակայն Գյումրիում դեռևս շատ են խոցելի խմբերի շարքին դասվող ընտանիքները: Դպրոցներում հաճախ են դեպքերը, երբ խոցելի խմբերի երեխաների նկատմամբ բացասական վերաբերմունք է ցուցաբերվում, ինչն ավելի է ճնշում նրանց: Եղել են դեպքեր, երբ ստիպված փոխել են երեխայի դպրոցը:
Կենտրոնը համագործակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ` ՄԱԿ-ի, գերմանական Կարմիր խաչի, որոնց օգնությամբ երեխաներին տրամադրվում է հագուստ և գրենական պիտույքներ:
Կենտրոնի գլխավոր նպատակներից մեկն է թույլ չտալ, որ երեխաները հայտնվեն մանկատանը:
«Շատ ծանր է մեզ համար, երբ ծնող ունեցող երեխան սոցիալական պատճառներով հայտնվում է մանկատանը, հատկապես, երբ քաղաքից դուրս են տանում»,- ասում է Մինասյանը:
Գյումրիում բացված ցերեկային խնամքի կենտրոնները կոչված են կանխելու նման դեպքերը: Շատ ծնողներ երեխաների հետ այցելում են այդ կենտրոններ, որտեղ հնարավորություն կա օրը գոնե մեկ անգամ սնվելու:
10-ամյա Հովիկ Չումարյանին խնամում է տատիկը: Ընտանիքի մյուս անդամները (6 հոգի` բացի տատիկից) հոգեկան հիվանդություն ունեն: Հովիկը հայր չի ունեցել: Թեև մայր ունեցել է, սակայն ոչ իր կողքին. մայրն ապրել է Հայաստանից դուրս և այս տարի մահացել է:
«Հովիկին ծնված օրից ես եմ պահել,- ասում է 53-ամյա տատը` Գրետա Չումարյանը: - Շատ դժվար ենք ապրում: Կգնամ` հաց կմուրամ, բայց իմ էրեխեքին մանկատուն չեմ գցի»:
Գյումրիում երեխաների պաշտպանության հետ կապված խնդիրները շատ են: Տարբեր կառույցների կատարած հետազոտությունների արդյունքները ամփոփված չեն, և վիճակագրական տվյալներ այս ոլորտում չկան: Այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Գյումրիում կառուցվում է Երեխայի խնամքի պաշտպանության կենտրոն, որը կունենա առանձին շենք և պետական կարգավիճակ: Կենտրոնը կունենա տվյալների շտեմարան, որտեղ ի մի կբերվեն խնդիրներ ունեցող երեխաների տվյալները:
Վերադառնալ
