ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
09.16.2008
«ԱԶԳ»
«Օզոնային շերտը վնասվել է, պաշտպանիչ հատվածը խաթարվել է ու դրա համար արեւի ճառագայթները մեր առողջությունը վտանգում են», ասում էր արեւ նկարող աղջնակը: Մենք չենք հասկանում այն ցավը, որ ծառի պլոկված կեղեւն է զգում, ոչ էլ այն տխրությունը, որ կտրված ծառի արմատները, կոճղը կամ տրորվող խոտն ու ծաղիկն են զգում: Քաղաքային կյանքի աղմուկները կուլ են տալիս մեզ ու անհաղորդ դարձնում շրջակա միջավայրին, մենք օտարվում ենք բնությունից, ու դա էլ աղետների պատճառն է դառնում, որովհետեւ դառնում ենք ոչ միայն ավելի եսակենտրոն, այլ նաեւ՝ դաժան, անհոգի. այնպես որ առանց աչք թարթելու պտղակալած ծառի կանաչ կոկորդը դեմ ենք տալիս կացնին ու սղոցին:
Անգլիական այգին կիրակի օրն անսովոր տենդի մեջ էր. չէ, այստեղ ծառ չէր հատվում, ընդհակառակը՝ ծառերը պաշտպանված էին ու պաշտպանները երեխաներն էին: Օրն իրենցն էր, իրենց էր նվիրված, ու զարմացել էին ծառերն էլ, մենք էլ: Երեխաները նկարում էին այն մասին, որ մեծահասակներն իրենց առողջությունը չխլեն, որ չզրկեն շնչելու օդից ու ծառի ստվերից, որ ձկները Վեդիի ցեմենտի գործարանից չմեռնեն, որ մեքենաներն իրենց խաղալու տեղերը ձեռքներից չխլեն:
Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի ողջ տարածքը դարձել էր մեծ արվեստանոց. ամենուր ներկեր, վրձիններ, թղթեր, գույներ: Բնորդը՝ բնությունն էր՝ շռայլ, անպաշտպան, բայց հակազդեցության օրենքի խստապահությամբ: Շուրջբոլորը սեղանիկներ էին՝ մակերեսներին նկարված, սրանք լաքապատվելու ու վերադարձվելու էին իրենց տերերին՝ մանկապարտեզներին՝ բնապահպանական անկյան մաս կազմելու, որպես հիշեցում երեխաներին՝ բնության հանդեպ գուրգուրանքի:
Ստվարաթղթի ծառերը շարված էին տարածքով մեկ, սրանք հատուկ դերակատարում ունեին՝ մի երեսին կարգախոսներ էին՝ իրենց ցավի մասին պատմող. «Մի կտրիր ինձ», «Մի տվեք իմ տեղը սրճարաններին», «Ինձ վրա մի գրիր», մյուս երեսին՝ բնապահպանական մտահոգություններով երեխաների նկարներն էին: Այս յուրահատուկ պաստառները դրվելու են Երեւանի այն վայրերում, որտեղ հատվել են ծառերը, որպեսզի հիշեցնեն իրենց բնորդների նախկին ներկայությունը: Երեխաների նկարներից լավագույնները, որպես բնապահպանական պաստառներ, կհայտնվեն քաղաքում:
«Պահպանիր բնությունը» կարգախոսով այս հետաքրքրական քարոզարշավը նախաձեռնել էր Հայաստանում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ հովանավորությամբ «Վիվասելի»: Հիմնադրամը համագործակցում է բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի UNDP-ի հետ: 2006-ից հիմնադրամը բնապահպանական ծրագրեր է իրականացնում Հայաստանի 6 շրջաններում: Արվեստի դպրոցներում կամ մշակութային տներում ստեղծված էկոակումբներում երեխաները հետեւում են բնապահպանական դասընթացներին, ծանոթանում ֆոտոֆիլմի արվեստին, գրանցվում են հաջողություններ: Այս տարի, օրինակ՝ Ուրցաձորից Արթուր Ղարիբյանը մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած փառատոնին: Կենդանիների պաշտպանության, նրանց ազատության մասին պատմող 14 րոպեանոց ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Հիմնադրամն այս տարի ընդլայնելու է աշխարհագրությունն ու դասընթացների շրջանակը՝ ներառելով լրագրության, ազգագրության, համակարգչային եւ անգլերենի ուսուցման ծրագրեր:
Մեկնարկային՝ «նկարչական» օրվա երեկվա միջոցառմանը մասնակցում էին Երեւանի եւ հանրապետության 6 մարզերի էկոակումբների երեխաները, նաեւ նրանք, ում նախապես առաջարկվել էր բնապահպանական թեմայով նկարել, արվեստի դպրոցի սաներ, պատահական անցորդներ: Այս նկարներից լավագույնների հեղինակները կարժանանան մրցանակների (ֆոտոխցիկ, տեսախցիկ, հեծանիվ, բնապահպանական գրքեր):
Ծրագրի բացմանը ներկա էին եւ այս գեղեցիկ նախաձեռնությունը ողջունեցին «Վիվասելի» տնօրենը, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Կոնսուելա Վիդալը, բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: Ընթերցվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը: Անգլիական այգում կազմակերպիչներին միացավ հեծանվորդների խումբը: Օդ թռցրին հարյուրավոր «նամակաբեր» փուչիկներ՝ վրան հիմնադրամի լոգոներով օրացույցներ՝ բնապահպանական շարժմանը միանալու կարգախոսներով: Օրն անգլիական այգում խայտաբղետ էր, աշխույժ, երեխաները նկարում էին երգ ու երաժշտության, կրկեսի արտիստների ուրախ համարների ուղեկցությամբ: Կային նաեւ որոշ դժգոհություններ, բայց կազմակերպիչներն աշխատում էին հարթել դրանք:
Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անի Եղիազարյանը խանդավառ էր՝ օրվա խորհուրդը ներկայացնելիս: Ծրագիրն օգտակար շարունակություն է ունենալու՝ ծառատունկ, աղբահավաքում, գրքերի շնորհանդես եւ այլն, իսկ մոտ օրերս ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում կոնֆերանսի ժամանակ մեծ փուչիկ է օդ բարձրանալու, երեխաները դարձյալ նկարելու են: «Խաղաղության կոնդակ ենք անվանել. խաղաղություն հանուն բնության», ասում է Անին, նույնիսկ դրոշներ են ուղարկել կաթողիկոսին ու վարչապետին, որ ստորագրեն:
Վերադառնալ
