Ինչո՞ւ չի կարելի պակաս գումար ծախսել ու մանկատանն էլ երեխա չունենալ. հարց ՀՀԿ-ական պատգամավորից
12.13.2011
Լիա Խոջոյան www.panorama.am Որքան շատ է մեր երկրում բարձրաձայնվում խնամատար ընտանիք ծրագրի արդյունավետության, բայց դրա ինչ-ինչ պատճառներով ոչ շարունակական լինելու մասին, այնքան շատ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հնչում` «այս հարցը բարձրաձայնվում է այլ ենթատեքստների պատճառով»: Այսօր էլ, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այդ հիրավի ծեծված արտահայտությունն արեց փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը ու այս էլ որերորդ անգամ չմանրամասնեց, թե այդ ի՞նչ ենթատեքստերի պատճառով է, որ Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպություններ` ի դեմս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, զանազան հասարակական կազմակերպություններ, ԱԺ պատգամավորներ ու ուղղակի քաղաքացիներ զարմանում, որ պետական բյուջեին խնայողություն ապահովող այդ ծրագիրը չի շարունակվում: Եվ ինչպես 2008թ-ին Հայաստանում կար ընդամենը 23 խնամատար ընտանիք, այդպես էլ վաղը` 2012թ-ին, այդ թիվը կմնա անփոփոխ: Սակայն այսօրվա քննարկմանը բանավեճը հասավ նույնիսկ այնտեղ, որ հարցը բարձրաձայնեց ու նախարարությանը ոչ հարիր որոշակի շեշտադրումներ արեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Սակայն գանք հերթով: «Պետք է շատ նուրբ արտահայտվենք այս ամենի մասին, որովհետև երեխաների պաշտպանության ոլորտը շատ նուրբ ոլորտ է, իսկ շատ հաճախ ինֆորմացիային ոչ ճիշտ տիրապետող ու ոչ կեմպետենտ հայտարարություններ երբ որ արվում են, դա ունենում է բացասական հետևանքներ: Դրա համար ճիշտ է, որ լուրջ մոտենալ խնդրին, որովհետև խնամատարության ինստիտուտը, այն ինչ այսօր արվում է Հայաստանում, դա շատ ավելի ճիշտ քաղաքականություն է… որովհետև տեղյակ չեն, թե խնամատարությունը Հայաստանում ինչքան մեծ մաշտաբներ ունի»,- իր բավականին էմոցիոնալ ելույթում հայտարարեց փոխնախարար Ֆ.Բերիկյանը: Կրքերը փորձեց հանդարտեցնել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, սակայն նրա հայտարարությունը, որ իսկապես խնդրի մեխին խփեց, բոլորովին այլ էֆեկտ ունեցավ . «Այսօր կառավարությունը փորձում է փոխել սոցիալական համակարգը, բայց գումարները ծախսվում են ու ոչ մի արդյունք չկա: Երբ, որ երեխան մանկատանն է, մեր պետական բյուջեն նրա խնամքի համար ծախսում է 182 հազար դրամ, իսկ երբ երեխան հանձնվում է խնամատար ընտանիք` ավելի քիչ է ծախսվում (80 հազար դրամ): Չի կարելի, արդյո՞ք, այդ նույն գումարը ծախսել խնամատար ընտանիքների ավելացման վրա ու այդպիսով մանկատանը երեխաներ այլևս չունենալ»,- հայտարարեց Հ.Հակոբյանն ու դահլիճը ծափողջյուններով դիմավորեց նրա այդ առաջարկը: Ֆ.Բերիկյանին, սակայն, ամենևին էլ դուր չեկավ այդ ազնիվ պոռթկումն ու տեղին հարցադրումը, որը, սակայն, տեղավորվում է օրենսդիր-գործադիր փոխհարաբերությունների մեջ ու նա փորձեց միջամտել իր «ինֆորմացիայի պակաս է» կարգախոս դարձրած արտահայտությամբ, բայց ծափերի մեջ խեղդվեց: Փոխարենը հարձակումը շարունակեց Հ.Հակոբյանը` դարձյալ ծափերի առիթ տալով ու ոգևորելով երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներով մտահոգ ներկաներին. «Ես կրկնում եմ` գուցե պետությունը, սոցիալական քաղաքականությունից ելնելով, ավելի մեծ գումար ծախսի մանկատան երեխաներին ընտանիք տեղափոխելու համար, քան երեխան մնա մանկատանը»: Այս հայտարարությունից հետո բարձրացած աղմուկի մեջ չհաջողվեց լսել, թե ինչ «հաճոյախոսություններով» փոխանակվեցին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով պայքարում է խնամատար ընտանիքի շարունակականության համար և Ֆ.Բերիկյանը, ով ևս պայքարում է այդ ծրագրի համար, սակայն այդպես էլ չի բացատրում, թե ինչպե՞ս:Վերադառնալ
