Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

Թեմատիկ հոդվածներ

ՄԻՊ վերլուծություն. «2007թ-ից մինչ օրս խնամատար ընտանիքների թիվը չի ավելացել, առկա է որոշակի լճացում

12.14.2011

Լիա Խոջոյան www.panorama.am Դեկտեմբերի 10-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Մարդու իրավունքներ EXPO 2011»-ում հանրության դատին ներկայացրեց ՄԻ պաշտպանի` «Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի» վերլուծություն: Վերլուծությունը կառուցվել է ոչ միայն ՄԻՊ գրասենյակի կողմից ստացված դիմում-բողոքների ու մոնիթորինգի, այլև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից մատնանշված փաստերի հիման վրա: Ներկայացնում ենք պաշտպանի վերլուծությունից մի հատված, որը վերաբերում է Հայաստանում խնամատար ընտանիք ինստիտուտի ներդրմանն ու դրա արդյունավետությանը: «…UNICEF-ի աջակցությամբ կատարված ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր եղավ ցույց տալ, որ այս ինստիտուտի ներդրումը ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան օրինակ մանկատներում երեխաների համար հատկացվող գումարների չափը: Այսպես` ըստ կատարված հետազոտություննրի մանկատներում պետության կողմից յուրաքանչյուր երեխայի համար հատկացվում է մոտավորապես 3800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մինչդեռ խնամատար ընտանիքների դեպքում այն կազմում է 2800 դոլար: Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, ակնհայտ է դառնում, որ խնամատար ընտանիքի ինստիտուտը արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում երեխայի մի շարք կարևոր իրավունքների պաշտպանության համար: Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ այստեղ խոսքը երեխաների այնպիսի խոցելի խմբի մասին է, որոնք ինչ-ինչ պատճառներով զրկված են ընտանիք ունենալու, ծնողական խնամք և հոգատարություն զգալու, առողջ մթնոլորտում մեծանալու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով պետության խնդիրը այստեղ ոչ միայն հիշյալ ինստիտուտի ներդրումն է, այլև դրա զարգացման և կիրառման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և դրանց գործածության նկատմամբ վերահսկողության սահմանումը: Այնուամենայնիվ, 2007թ-ից մինչ օրս խնամատար ընտանիքների թիվը չի ավելացել և կարելի է ասել` առկա է որոշակի լճացում, ինչը բացատրվում է, նախ` հասարակության ոչ տեղեկացված լինելու հանգամանքով և իհարկե` պետության կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելով` մշտապես պատճառաբանելով ֆինանսական անհրաժեշտ միջոցների բացակայությամբ, ինչպես նաև առկա միջոցները ոչ արդյունավետ և նպատակային օգտագործելով»: Հիշեցնենք, 2006թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-10թթ. ռազմավարությունը», որով սահմանված հիմնական նպատակներին հասնելու համար կազմակերպվող միջոցառումների շարքում էր նաև խնամատար ընտանիքների ինստիտուտի ստեղծումը: Դրա հիմնական նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է: Խնամատար ընտանիքների ներդրման ծրագիրը սկսվել է իրականացվել 2006-07թ-ից, երբ UNICEF-ի ֆինանսավորմամբ ընտրվեցին 20 խնամատար ընտանիքներ:Եվ քանի որ իրականացված փորձը հաջող էր, 2008թ-ի մայիսի 8-ին ընդունվեց «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխային պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» կառավարության որոշումը, որով կարգավորվում էր հիշյալ ողջ գործընթացը: Սակայն այն բանից հետո, ինչ գործընթացն ամբողջությամբ ստանձնեց կառավարությունը, Հայաստանում խնամատար ընտանիքների թիվն այդպես էլ չավելացավ և 2012թ-ի պետական բյուջեի նախագծով էլ չի ավելանալու:

Վերադառնալ