Home
Child Portraits Uncovered

Հայկական
ԶԼՄ
ռեսուրսային
կենտրոն

Լուսաբանել երեխաների հարցերը ԶԼՄ-ներում թվում է դյուրին խնդիր, սակայն իրականում այդ աշխատանքը լի է անտեսանելի բարդություններով և վտանգներով: Երեխաները և դեռահասները հասարակության ամենախոցելի մասն են և պահանջում են հատուկ մոտեցում և վերաբերմունք:

Հայկական ԶԼՄ ռեսուրսային կենտրոնը նպատակ ունի բարելավել երեխաների հարցերի լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում և ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը լրագրողների գործունեության ընթացքում: Եկեք միավորենք մեր ջանքերը և օգնենք խուսափել լրատվամիջոցների չարաշահումներից և սխալ մեկնաբանություններից, որոնք կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ երեխաների համար:

Այլ նախագծեր
Բազմաթիվ կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում ուղղված երեխաների պաշտպանությանը և նրանց ունեցած խնդիրների լուծմանը: Կայքի այս բաժնում կարող եք ծանոթանալ որոշ այդպիսի ծրագրերի:

Երեխան իր իրավունքը պաշտպանելու միջոց չունի

11.17.2008

«Մանկության մոլորակ» հասարակական կազմակերպության իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ թեպետ մեր երկրում 10-18 տարեկան երեխաների մեծ մասը տեղյակ է իր իրավունքներին, սակայն դրանք պաշտպանելու միջոցներ չունի եւ հատկապես չգիտի, թե կոնկրետ ուր եւ ում պիտի դիմի իր շահերը պաշտպանելու նպատակով։

Երեխայի իրավունքների մասին հռչակագրում ասվում է. «Երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական եւ մտավոր անհասությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության եւ հատուկ հոգատարության, ներառյալ` պատշաճ իրավական պաշտպանությունը ծնվելուց առաջ եւ հետո»:

Դեռեւս 2003 թվականին ստեղծված «Մանկության մոլորակ» մանկական հասարակական կազմակերպությունը զբաղվում է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառի ուսումնասիրմամբ:

2007 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին «Մանկության մոլորակը» հանրապետության մարզերում` Արմավիրում, Վայքում, Գորիսում, ինչպես նաեւ Երեւանում կատարել է ուսումնասիրություններ եւ անցկացրել է Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառի իրավիճակի մոնիտորինգ:

Ծրագրի նպատակն է հարցումներ անցկացնել ՀՀ այն վայրերում, որտեղից երեխաների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության մասին ուսումնասիրությունների տվյալներն ավելի քիչ են, եւ անձամբ շփվելով երեխաների հետ` իմանալ, թե նրանք որքանով են տեղյակ իրենց իրավունքներին, արդյո՞ք, նրանց կարծիքով, դրանք պաշտպանված են, իսկ եթե ոչ, ապա որտե՞ղ եւ ովքե՞ր են ավելի հաճախ ոտնահարում իրենց իրավունքները:

«Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների եւ արդյունավետ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ է երեխայի իրավունքի իրավիճակի դիտարկումը, ինչպես նաեւ գործող օրենսդրության կիրառումը` երեխայի իրավունքներից ելնելով»,-կարծում է կազմակերպության տնօրեն Լուսյա Բադիրյանը:

Ծրագրի թիրախային խումբ են հանդիսացել ՀՀ մարզերում եւ մայրաքաղաքում բնակվող` 10-18 տարեկան շուրջ 500 երեխաներ ու դեռահասներ, այդ թվում` անապահով եւ թերի ընտանիքների երեխաները, բնակարանից, աշխատանքից կամ ապրուստի այլ միջոցներից զուրկ մանկատների կամ գիշերօթիկ դպրոցի երեխաները, ինչպես նաեւ ազգականների խնամքից զուրկ որբ երեխաները:
Հարցումները հիմնականում անցկացվել են մանկատներում եւ հանրակրթական դպրոցներում, որոնց միջեւ այնուհետեւ համեմատվել են:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ եթե մանկատներում երեխաները 94.8 տոկոսով են ծանոթ իրենց իրավունքներին, ապա դպրոցում իրենց իրավունքներին տեղյակ են ավելի մեծ թվով երեխաներ` 97.5 տոկոս:

Ըստ հարցումների` երեխաները իրենց իրավունքներին ավելի շատ տեղեկանում են ծնողներից եւ ուսուցիչներից:
Երեխաների կարծիքով` իրենց իրավունքներն ավելի հաճախ ոտնահարում են ուսուցիչները` 45 տոկոս, եւ ծնողները`14.2 տոկոս, իսկ այլ վայրերում կամ փողոցում`45 տոկոս:

Երեխաների արժանապատվությունը ավելի հաճախ նսեմացվում է դպրոցում` 28 տոկոս, եւ տանը` 49 տոկոս:
Ըստ այդ տվյալների` երեխաների 15.9 տոկոսը կարծում է, որ իրենց իրավունքները հաճախ են ոտնահարվում, իսկ 32.9 տոկոսի կարծիքով` երբեմն:

Այն հարցին, թե լինում են դեպքեր, երբ ուսուցիչները վիրավորում, անպատվում կամ խիստ քննադատում են երեխային դպրոցում, նրանց 31.8 տոկոսը պատասխանել է` հաճախ, 25.4 տոկոսը` երբեմն, 37.5 տոկոսը` հազվադեպ, իսկ 4.2 տոկոսի կարծիքով` երբեք այդպիսի դեպքեր չեն լինում:

Այս նույն հարցի վերաբերյալ մանկատան երեխաների պատասխանները այլ են. նրանց 50 տոկոսի կարծիքով` իրենց իրավունքները երբեմն ոտնահարվում են, իսկ 34.4 տոկոսի կարծիքով` հաճախ են ոտնահարվում, եւ նրանց ընդամենը մեկ տոկոսն է կարծում, որ իրենց իրավունքները երբեք չեն ոտնահարվում:

Հաճախակի են նաեւ այն դեպքերը, երբ մեծահասակները ֆիզիկական ուժ են գործադրում երեխայի նկատմամբ: Եթե դպրոցներում երեխաների 14.8 տոկոսի կարծիքով է այդպես հաճախ տեղի ունենում, ապա մանկատան երեխաների 29.7 տոկոսն է այդ կարծիքին:
Երեխաներն իրենց իրավունքները պաշտպանելոււ միջոց չունեն։ Նրանք պարզապես տեղյակ չեն, թե ում պետք է դիմել, քանի որ իրենց խնդիրներով զբաղվող համայնքային ու միջազգային կառույցները հարկավոր ուշադրություն չեն դարձնում նրանց խնդիրներին։

Հարցման կազմակերպիչներն այսպիսով ակնկալել են Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալ, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո ոլորտում օրենսդրական բարեփոխումների առաջարկներով հանդես գալ համապատասխան ատյաններում:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վերադառնալ