Home
Child Portraits Uncovered

Հայկական
ԶԼՄ
ռեսուրսային
կենտրոն

Լուսաբանել երեխաների հարցերը ԶԼՄ-ներում թվում է դյուրին խնդիր, սակայն իրականում այդ աշխատանքը լի է անտեսանելի բարդություններով և վտանգներով: Երեխաները և դեռահասները հասարակության ամենախոցելի մասն են և պահանջում են հատուկ մոտեցում և վերաբերմունք:

Հայկական ԶԼՄ ռեսուրսային կենտրոնը նպատակ ունի բարելավել երեխաների հարցերի լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում և ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը լրագրողների գործունեության ընթացքում: Եկեք միավորենք մեր ջանքերը և օգնենք խուսափել լրատվամիջոցների չարաշահումներից և սխալ մեկնաբանություններից, որոնք կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ երեխաների համար:

Այլ նախագծեր
Բազմաթիվ կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում ուղղված երեխաների պաշտպանությանը և նրանց ունեցած խնդիրների լուծմանը: Կայքի այս բաժնում կարող եք ծանոթանալ որոշ այդպիսի ծրագրերի:

Հանուն հավասար հնարավորությունների

11.15.2008

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նոյեմբերի 15—ից դեկտեմբերի 15—ը հայտարարում է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը, միամսյակի նպատակն է բարձրացնել հաշմանդամության խնդիրների մասին իրազեկվածությունը եւ նպաստել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը։ Նրա խոսքով, միամսյակի ընթացքում սոցիալական ինչ—որ հարցերի լուծման փորձ չի արվի, քանի որ դա կատարվում է ամեն օր, եւ խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են, այլ ցանկություն կա հանրությանը տեղեկացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին։ Միամսյակի շրջանակներում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ հանրապետությունում։ Նախաձեռնության հեղինակները կտարածեն ՄԱԿ—ի հաշմանդամ անձանց իրավուքների կոնվենցիային նվիրված օրացույցներ, ցուցապաստառներ, տեղեկատվական բրոշյուրներ, հաշմանդամ երեխաների ծնողների, դպրոցականների եւ ուսանողների համար կանցկացվեն դասախոսություններ, սեմինարներ, կինոդիտումներ։ «Մենք հեռուստատեսությամբ ցուցադրելու ենք տեսանյութեր հաշմանդամների խնդիրների վերաբերյալ, թե ինչպես է հաշմանդամը, փոխելով իր հանդեպ վերաբերմունքը, ինտեգրվել հասարակությանը, հասել հաջողությունների։ Այսօր շատ հաշմանդամություն ունեցող անձինք փոխել են վերաբերմունքն իրենց կարողությունների նկատմամբ։ Հաշմանդամի մեջ մենք պետք է կարողանանք տեսնել այն, ինչ ինքը կարող է անել»,–ասաց Ջ. Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ պարագայում հնարավոր կլինի հասնել լավագույն արդյունքների։
Միամսյակի շրջանակներում կկազմակերպվի ոչ ֆորմալ ցուցահանդես, որտեղ կներկայացվի, թե այս ոլորտում ինչ է արվել, ինչ ձեռքբերումներ կան, որոնք են խնդիրները եւ դրանց լուծումները։ Կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների «Հավասար հնարավորություններ» խորագրով ամենամյա 6—րդ մրցույթի արդյունքները, կանցկացվի այդ լրատվամիջոցների միջեւ մինի ֆուտբոլի 2—րդ մրցաշարը՝ «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով։
Նախարարությունը հաշմանդամների խնդիրների լուծումը տեսնում է ՀԿ—ների հետ համագործակցությամբ։ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը նշեց, որ Հայաստանում հաշմանդամների խնդիրները բազմաթիվ են, եւ այդ գործում անհրաժեշտ է մասնավոր հատվածի, բիզնես աշխարհի ներկայացուցիչների մասնակցությունը։ «Միայն պետական մարմինների միջոցներով հնարավոր չէ առկա բոլոր խնդիրները լուծել, աշխատանքը պահանջում է մարդկային եւ ֆինանսական ներդրումներ»,–նշեց Ս. Թադեւոսյանը։
Միամսյակի օրերին հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով որեւէ կրթօջախի կամ մշակույթի տան առջեւ կկառուցվի մեկական թեքահարթակ։ Արդեն հայտարարվել է «Մատչելի համայնք» մրցույթը, որի մասնակիցները պետք է ներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքում, համայնքնում անխոչընդոտ միջավայր ստեղծելու ուղղությամբ կատարված աշխատաքները։ Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 20—ին։ «Այսօր արդեն ականատես ենք, թե ինչպես մայրաքաղաքի որոշ տեղերում մասնավոր կառուցապատողներն առանց մեր միջամտության, խնդրանքի կառուցում են թեքահարթակներ հաշմանդամների համար։ Դա պետք է օրինակ լինի շատերի համար»,–ասաց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կոչ է անում բոլորին միանալ հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակին։ Համապատասխան պայմաններ եւ հնարավորություններ ստեղծելու դեպքում հաշմանդամ մարդիկ եւս կարող են լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին։

Վերադառնալ